Рубрика: Հայոց լեզու, Քերականություն

Բայ…Քերականական աշխատանք…

Դիմավոր և անդեմ ձևեր

Բայ խոսքի մասի մեջ միավորվում են այն բառերը, որոնք արտահայտում են
գործողություն, օրինակ՝ գրել, վազել, կառուցեցին, կարդում եմ, խաղաց և այլն։
Գործողության, ընթացքի գաղափարը բայերն արտահայտում են իրենց բնորոշ
քերականական կարգերով։ Դրանք են սեռի, եղանակի, դեմքի, թվի, ժամանակի
կարգերը։ Սակայն ոչ բոլոր բայաձևերն ունեն այս բոլոր կարգերը։ Ըստ այս կարգերի դրսևորման՝ բայը խոսքում գործածվում է երկու ձևով՝ դիմավոր և անդեմ։
Անդեմ ձևերն ունեն սեռի կարգ, իսկ դիմավոր ձևերը՝ նաև մյուս կարգերը,
օրինակ՝ գրել, գրած բայերն անդեմ են, որովհետև պարզ չէ նրանց դեմքը,
այսինքն՝ գործողության և կատարողի հարաբերությունը, իսկ գրում եմ, կգրես
բայերը դիմավոր են, քանի որ հասկանալի է, որ գրում եմ ես, կգրես դու։
Բայի անդեմ ձևերը կոչվում են դերբայներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ դերբայ։

Դերբայը         ե խոնարհման        ա խոնարհման
անորոշ           նկարել                       կարդալ
ենթակայական   նկարող                կարդացող
հարակատար      նկարած               կարդացած
համակատար      նկարելիս              կարդալիս
անկատար       նկարում                կարդում
վաղակատար   նկարել                  կարդացել
ապակատար    նկարելու               կարդալու
ժխտական        նկարի                    կարդա

Անորոշ դերբայը կազմվում է -ել կամ -ալ վերջավորություններով։ Ըստ դրա՝ բայերը լինում են -ե խոնարհման (կամ լծորդության) և -ա խոնարհման։
Անորոշ, ենթակայական, համակատար, հարակատար դերբայները կարող են
բառակապակցության և նախադասության մեջ հանդես գալ որպես առանձին անդամ, օրինակ՝ վազող երեխա, նկարող մարդ, փորագրված նախշ, կարդալ գիրքը։ Այս դերբայները կոչվում են անկախ։
Անկատար, վաղակատար, ապակատար, ժխտական դերբայները գործածվում են միայն օժանդակ բայերի հետ՝ կազմելով եղանակային ժամանակաձևեր և
նախադասության մեջ գործածվելով միայն որպես ստորոգյալներ, օրինակ՝ գրում
եմ, կարդացել եմ, կարդալու եմ, չեմ կարդա։ Այս դերբայները կոչվում են կախյալ կամ ձևաբայեր: 

Բայերի կազմությունը

Բայերն իրենց կազմում կարող են ունենալ ածանցներ, որոնք
կոչվում են բայածանցներ։
Բայածանցներն են՝
սոսկածանցներ (ան, են, ն, չ –հեռանալ, մոտենալ, գտնել, թռչել),
պատճառական ածանցներ (ացն, եցն, ցն –հեռացնել, մոտեցնել, թռցնել), բազմապատկական ածանցներ (ատ, ոտ, կոտ, տ –կտրատել, ջարդոտել, թռչկոտել, պատռտել),
կրավորական ածանց (վ — գրվել)։
Ածանցավոր են համարվում միայն այն բայերը, որոնց կազմում կա բայածանց։
Օրինակ՝ արտանկարել բայը կազմված է արտ- նախածանցից, նկար արմատից և անորոշ դերբայի -ել վերջավորությունից։ Այն ածանցավոր բառ է, բայց ածանցավոր բայ չի համարվում, որովհետև իր կազմում բայածանց չունի։ Բայերի կազմությունը որոշվում է անորոշ դերբայով, որովհետև բայի որոշ ձևերում ածանցներն ընկնում են։ Օրինակ՝ գտել է բայն ածանցավոր է, քանի որ անորոշում ունի
ն սոսկածանցը՝ գտնել։
Կան հարադիր բայեր, որոնց բաղադրիչները գրվում են առանձին, օրինակ՝
ծափ տալ, դուր գալ։ Սրանք բարդ բառեր են, բայց որպես բայ՝ նրանց կազմությունը ևս որոշվում է բայածանցի առկայությամբ, օրինակ՝ վեր թռչել, գլխի
ընկնել բայերը սոսկածանցավոր են, իսկ ձեռք բերել, հանկարծակիի գալ բայերը՝
պարզ, որովհետև բայածանց չունեն։
Պատճառական բայեր, բացի ացն, եցն, ցն ածանցներից, կարող են կազմվել
նաև տալ բայի հարադրությամբ, օրինակ՝ գրել տալ, վազել տալ։

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել անկախ դերբայները (նաև հոլովված ձևերը),
որոշե՛լ խոնարհումը (ե, ա) և կազմությունը (պարզ, ածանցավոր)։
1. Գիլլիի եղեգնուտներում շրջելիս երեսնական թվականներին ես էլ եմ հանդիպել հավալուսնի բների։ Լողալով շարժվող մի կղզյակի վրա եղեգների և ջրային
բույսերի անճոռնի կույտեր կային, որոնց վրա ես տեսա այդ թռչուններին՝ անշարժ
նստած, ահագին կտուցները հնարավորին չափ ներս քաշած և ծայրերը հենած
բլրակի պռնկին։ Չկարողացա մոտենալ, ուստի և թխսկանները իրենց բները թողնելու փորձ չարին։
2. Հավալուսնը ջրի մեջ սուզվելու սովորություն չունի, ուստի որսին դեպի ափ
քշելիս ձկների մի մասը հատակով ետ է փախչում դեպի ջրի խորքը։ Այդ բանը
բնազդով «գիտեն» հավալուսնները, ուստի հաճախ իրենց որսորդությանը ընկերացնում են ձկնկուլներին, որոնք, ինչպես հայտնի է, հիանալի սուզվել գիտեն։ Այդ
դեպքում ստացվում է խելացի կազմակերպված որս. Հավալուսնները ջրի վերին
շերտից քշում են ձկներին դեպի ափ, իսկ ձկնկուլները սուզվում և հատակով են
շարժվում դեպի ծանծաղուտը։

2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Բայի սեռը

Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է (խնդիրը), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի (խնդրի) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի (խնդրի) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում (որն արտահայտում է կրող առարկան), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում (որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

Բայի ժամանակը, դեմքը և թիվը

Բայի ժամանակը ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը խոսելու պահի համեմատությամբ, այսինքն՝ երբ է կատարվում գործողությունը՝ խոսելու պահի՞ն, դրանից առա՞ջ, թե՞ դրանից հետո։ Դրա հիման վրա
առանձնացվում է երեք հիմնական ժամանակ՝ ներկա ,անցյալ ,
ապառնի։ Օրինակ՝ գրում եմ (ներկա), գրեցի, գրել էի, գրում էի (անցյալ), կգրեմ, պիտի գրեմ (ապառնի)։ Ըստ արտահայտման ընդհանուր ձևի՝ բայի ժամանակները լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են բայահիմքով և վերջավորությամբ արտահայտված ժամանակաձևերը
(գրեցի, գրեմ, կարդա և այլն)։
Բաղադրյալ են կախյալ դերբայներով և օժանդակ բայով կազմված ժամանակաձևերը (կարդալու եմ, գրում եմ, կարդացել էի և այլն)։
Բայն ունի երեք դեմք։ Առաջին դեմքով բայերն արտահայտում են խոսողի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում եմ, գրեցի), երկրորդ դեմքի բայերը՝ խոսակցի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում ես, գրեցիր), երրորդ դեմքի բայերը՝ մեկ այլ անձի կամ առարկայի կատարած գործողությունը (օրինակ՝ գրում է, կոտրվեց)։ Դեմքի կարգն արտահայտվում է օժանդակ բայի կամ վերջավորությունների միջոցով։
Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Եզակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում է մեկ անձ կամ առարկա, օրինակ՝ Ես գրում եմ։ Ես գնացի։ Գնդակը գլորվեց։ Հոգնակի թվով բայաձևերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը կատարում են մեկից ավելի անձեր կամ
առարկաներ, օրինակ՝ Մենք գրում ենք։ Մենք գնացինք։ Գնդակները գլորվեցին։
Թվի կարգը ևս արտահայտվում է օժանդակ բայով կամ վերջավորություններով։

Բայի եղանակը

Եղանակի կարգը բայի միջոցով արտահայտում է ներկայացվող գործողության նկատմամբ խոսողի վերաբերմունքը։ Օրինակ՝ Ես պետք է գնամ նախադասության մեջ պետք է գնամ բայաձևի միջոցով արտահայտվում է անհրաժեշտության, հարկադրության իմաստ։ Կամ գրի՛ր բայն արտահայտում է հրաման և այլն։
Առանձնացվում է բայի հինգ եղանակ՝ սահմանական, ըղձական, ենթադրական
(պայմանական), հարկադրական, հրամայական։
Սահմանական եղանակի բայաձևերը ցույց են տալիս քերականորեն ստույգ
կատարված, կատարվող կամ կատարելի գործողություն։ Քերականորեն ենք
ասում, որովհետև իրականում այդ գործողությունը կարող է տեղի ունեցած չլինել,
օրինակ Նա գնաց տուն նախադասության մեջ արտահայտված գնաց գործողությունը կարող է չհամապատասխանել իրականությանը, սակայն խոսողն այն
քերականորեն ներկայացնում է որպես ստույգ գործողություն։
Ըղձական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման
իղձ, ցանկություն, օրինակ Գնամ տուն։ Երանի գնայի հանգստանալու։Ենթադրական (կամ պայմանական) եղանակի բայաձևերը ցույց են տալիս
պայմանով, ենթադրաբար կամ էլ հաստատապես կատարելի գործողություն, օրինակ՝ Ես շուտով կգնամ տուն։ Եթե թույլ տան, կգամ։
Հարկադրական եղանակի բայաձևերը ցույց են տալիս հարկադրաբար, անհրաժեշտաբար կատարելի գործողություն, օրինակ՝ Ես պետք է գնամ։ Դու պիտի
սովորեիր։
Հրամայական եղանակի բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, հորդոր, խնդրանք, օրինակ՝ Հեռացի՛ր։ Դուռը փակի՛ր։ Հրամայականի բայաձևերի սովորաբար վրա դրվում է շեշտ:

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անկատար ներկա                                                            2.Անկատար անցյալ
Եզակի թիվ                    Հոգնակի թիվ                                           Եզակի թիվ          Հոգնակի թիվ
1. գրում եմ խաղում եմ   գրում ենք խաղում ենք                գրում էի խաղում էի գրում էինք խաղում էինք
2.  գրում ես խաղում ես   գրում եք խաղում եք                    գրում էիր խաղում էիր գրում էիք խաղում էիք
3.գրում է խաղում է       գրում են խաղում են                         գրում էր խաղում էր գրում էին խաղում էին
3.Վաղակատար ներկա                                                        4.Վաղակատար անցյալ
Եզակի թիվ               Հոգնակի թիվ                                                    Եզակի թիվ     Հոգնակի թիվ
1. գրել եմ խաղացել եմ գրել ենք խաղացել ենք                       գրել էի խաղացել էի գրել էինք խաղացել էինք
2. գրել ես  խաղացել ես  գրել եք խաղացել եք                          գրել էիր խաղացել էիր գրել էիք խաղացել էիք
3. գրել է  խաղացել է   գրել են խաղացել են                             գրել էր խաղացել էր գրել էին խաղացել էին
5.Ապակատար ներկա                                                              6. Ապակատար անցյալ
Եզակի թիվ                   Հոգնակի թիվ                                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրելու եմ խաղալու եմ գրելու ենք խաղալու ենք գրելուէի խաղալու էի գրելու էինք խաղալու էինք
2. գրելու ես խաղալու ես գրելու եք խաղալու եք                          գրելու էիր խաղալու էիր գրելու էիք խաղալու էիք
3. գրելու է խաղալու է   գրելու են խաղալու են                             գրելու էր խաղալու էր գրելու էին խաղալու էին
7.Անցյալ կատարյալ
Եզակի թիվ                                                                                         Հոգնակի թիվ
1.գրեցի  խաղացի մոտեցրի գտա                                     գրեցիք խաղացինք մոտեցրինք գտանք
2. գրեցիր խաղացիր մոտեցրիր գտար                               գրեցիք խաղացիք մոտեցրիք գտաք
3. գրեց  խաղաց մոտեցրեց գտավ                                      գրեցին խաղացին մոտեցրին գտան

ԸՂՁԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                     ԵՆԹԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                               1.Անցյալ
Եզակի թիվ        Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեի խաղայի գրեինք խաղայինք                   կգրեի կխաղայի կգրեինք կխաղայինք
2. գրեիր խաղայիր  գրեիք խաղայիք                   կգրեիր կխաղայիր կգրեիք կխաղայիք
3.գրեր խաղար գրեին խաղային                          կգրեր կխաղար կգրեին կխաղային
2.Ապառնի                                                                   2.Ապառնի
Եզակի թիվ         Հոգնակի թիվ                               Եզակի թիվ Հոգնակի թիվ
1. գրեմ խաղամ  գրենք խաղանք                          կգրեմ կխաղամ կգրենք կխաղանք
2. գրես խաղաս  գրեք խաղաք                                կգրես կխաղաս կգրեք կխաղաք
3.գրի խաղա      գրեն խաղան                                 կգրի կխաղա կգրեն կխաղան

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ                                                ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
1.Անցյալ                                                                                  1.Անցյալ
Եզակի թիվ          Հոգնակի թիվ                                        Եզակի թիվ Հոգնակի թիվ
1.պիտի գրեի պիտի խաղայի
պիտի գրեինք պիտի խաղայինք                                     ——————————————

2.պիտի գրեիր  պիտի խաղայիր
պիտի գրեիք  պիտի խաղայիք

3. պիտի գրեր պիտի խաղար
պիտի գրեին պիտի խաղային                                            ———————————————
— —
2.Ապառնի                                                                                                  2.Ապառնի
Եզակի թիվ Հոգնակի թիվ                                                         Եզակի թիվ                   Հոգնակի թիվ
1. պիտի գրեմ պիտի խաղամ
պիտի գրենք պիտի խաղանք                                                    —————————————

2. պիտի գրես պիտի խաղաս
պիտի գրեք պիտի խաղաք                                                 գրի՛ր, խաղա՛,մոտեցրո՛ւ                                                                                                                        գրեցե՛ք,գրե՛ք, խաղացե՛ք,
մոտեցրե՛ք
3. պիտի գրի պիտի
խաղա
պիտի գրեն պիտի
խաղան
Սահմանական եղանակն ունի 7 ժամանակաձև, ըղձականը, ենթադրականը և հարկադրականը՝ երկուական, իսկ հրամայականը՝ մեկ։

Գործնական աշխատանք

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված
բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։
1. Մայր մտնող արևի ճառագայթները …. ամեն ինչ, և մի կախարդող
տեսարան …., որով …. հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն …. պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս …., թե մի նախշուն
գորգ …. պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում …. մի տուն. նրա բակում արևածաղիկներ ….,
որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես …. անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
4. Մենք մեքենայի միջից անշարժ …. ճամփեզրի մոտակա սյունին նստած
արագիլին, մինչև որ նա տեղից …. և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ …. դեպի
մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)
5. Առաջարկը միաձայն …., և հաջորդ օրվանից բոլորը …. աշխատանքի գալ
մեկ ժամ շուտ, որպեսզի …. ժամանակին ավարտել պատվերի կատարումը։
(սկսել, ընդունել, կարողանալ)
6. Ընթացող գնացքի լուսամուտից …. մոտակա բնակավայրերի լույսերը,
որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա ….։
(երևալ, անհետանալ, առկայծել)
7. Հանգստյան տան բակում մարդիկ …., երեխաները, ճոճանակների վրա
նստած, …., իսկ մեղմ քամին …. մոտակա սարերի զովությունը։
(օրորել, զբոնել, բերել)
8. Վարպետը …. հաստոցը, …. նոր պատրաստած դետալը և …. գծագրի
հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
9. Դաշնակահարի մատները …. ստեղների վրայով, և դահլիճը ….
հոգեպարար մի երաժշտությամբ, որն …. ունկնդիրների հոգիները։
(ալեկոծել, ողողել, սահել)
10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես …., որն …. ճանապարհի
մյուս կողմն ու …. թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2. Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը,
ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

Ժխտական խոնարհում
Բայերը խոսքում կարող են գործածվել թե՛ դրական, թե՛ ժխտական ձևերով։
Ժխտական խոնարհման ձևերով ժխտվում, բացասվում է գործողության կատարումը, օրինակ՝ գրում է — չի գրում, գրեց – չգրեց։ Բայի ժխտական ձևերը
կազմվում են չ- կամ մի՛ մասնիկներով։
Սահմանական եղանակի՝ օժանդակ բայով կազմված ձևերի ժխտականը
կազմվում է՝ օժանդակ բային չ- ավելացնելով, ինչպես՝ գրում եմ-չեմ գրում, չես
գրում, չի գրում, չենք գրում, չեք գրում, չեն գրում, գրել եմ – չեմ գրել, չես գրել, չի
գրել, չենք գրել, չեք գրել, չեն գրել, գրելու եմ-չեմ գրելու, չես գրելու, չի գրելու, չենք
գրելու, չեք գրելու, չեն գրելու։
Անցյալ կատարյալի ժխտականը կազմվում է բային չ- ավելացնելով, օրինակ՝ գրեցի-չգրեցի,չգրեցիր, չգրեց, չգրեցինք չգրեցիք չգրեցին:
Ըղձական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ բային չ- մասնիկն
ավելացնելով, օրինակ՝ գրեմ – չգրեմ, չգրես, չգրի, գրեի – չգրեի, չգրեիր, չգրեր և
այլն։
Հարկադրական եղանակի բայաձևերի ժխտականը կազմվում է՝ եղանակիչին
չ- ավելացնելով, օրինակ՝ պիտի գրեմ – չպիտի գրեմ, չպիտի գրես, պետք է գրեի –
չպետք է գրեի, չպետք է գրեիր:
Ենթադրական եղանակի ժխտականի կազմությունը տարբերվում է մյուսներից։ Այն ոչ թե կազմվում է դրականի ձևերին չ- մասնիկն ավելացնելով, այլ
ժխտման դերբայով և օժանդակ բայի ժխտական ձևերով, օրինակ՝ կգրեմ – չեմ
գրի, կգրես-չես գրի, կգրի-չի գրի, կգրեի – չէի գրի, կգրեիր-չէիր գրի և այլն։ Սա
ժխտական դերբայի միակ կիրառությունն է։
Հրամայական եղանակի ժխտականը (արգելական հրամայականը) կազմվում
է մի՛ մասնիկով, օրինակ՝ գրի՛ր – մի՛ գրիր, գրեցե՛ք//գրե՛ք – մի՛ գրեցեք // մի՛
գրեք, կարդա՛ — մի՛ կարդա, կարդացե՛ք – մի՛ կարդացեք և այլն։ Սոսկածանցավոր
և պատճառական բայերի ժխտական հրամայականը կազմվում է երկու ձևով՝ մի՛
մտնիր – մի՛ մտիր, մի՛ փախչիր – մի՛ փախիր, մի՛ հեռացնի – մի՛ հեռացրու և այլն։
Երկրորդ ձևերը տարածվել են ժողովրդախոսակցական լեզվի ազդեցությամբ:

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ժխտական խոնարհումով բայերը և որոշե՛լ
եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Ո՛չ, ես չե՜մ կորչի, ես ետ կդառնամ
Իմ ոսկեհատիկ երգերի հետքով…
Դեռ չեմ հագեցել քեզ նայելուց,
Քո հրաշք լեռան, գույնին գրին….
Դեռ չեմ հասցրել բերկրել ներքուստ
Քո ազատությամբ շփոթեցնող….

Ես քայլում եմ քո հետքերով ու խորհում,
Որ քեզ նման էլ չեմ լինի իմ օրում,
Չի ղողանջի զանգակ ծաղիկն ինձ համար,
Ինձ չեն գերի թիթեռնիկներն անհամար։

Դեղին տերևն ընկավ քարին,
Ոչ մի շշուկ չլսվեց….

Աչքդ պահի՛ր, աշխա՛րհ, խղճիդ վրա,
Որ չփակվի հանկարծ աչքը նրա,
Որ չքնի հանկարծ, քնով չանցնի…

Անկանոն բայեր

Կան բայեր, որոնց խոնարհման համակարգի որոշ ձևեր և դերբայներ կազմությամբ շեղվում են ընդհանուր օրինաչափություններից։ Այդ բայերը կոչվում են
անկանոն։ Օրինակ՝ ասել բայի անցյալ կատարյալը պետք է լիներ ասեց՝ որպես ե
խոնարհման պարզ բայ, սակայն լինում է ասաց, հրամայականը պետք է լիներ
ասի՛ր, մինչդեռ լինում է ասա՛ և այլն։ Գալ, ուտել, լինել բայերի դեպքում փոխվում
է ամբողջ հիմքը՝ եկա, կերա, եղա և այլն։ Որոշ անկանոն բայեր ունեն զուգահեռ
ձևեր, օրինակ՝ բերի -բերեցի։

Պակասավոր բայեր

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։
Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Պակասավոր են հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ,
եմ բայերը։ Սրանցից կամ, գիտեմ, ունեմ, արժեմ, եմ բայերը հարց չեն ստանում։

Գործնական աշխատանք

  1. Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
    Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
    Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
    Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
    Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
    Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
    Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
    Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
    Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
    Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
  2.  Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
    1. արարել, ելնել, ծալել, մտածել
    2. խոսել, ասել, գրել, նկարել
    3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
    4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
    5. շրջել, թվարկել, լինել, որոշել
    6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
    7. հիշել, թողնել, նշել, հնչել
    8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
    9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
    10. սկսել, հյուսել, առնել, փորել

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s