Դեկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14. Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում՝
ա/ Վարդանանց պատերազմը /բանավոր, դասագիրք, էջ 30-36/.
Առաջադրանքներ.
1. Համեմատե՛ք Վարդան Մամիկոնյանի և Վասակ Սյունու դիրքորոշումները /գրավոր/
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ: Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը:
Վասակ Սյունին ծնվել է հայոց համար ողբերգական 387 թ.: Նա Անդովկ Սյունու թոռն էր` Արշակ Բ արքայի աներոջ, որ անձնական վիրավորանքի համար ավերեց Տիզբոնն ու հերոսաբար դիմադրեց պարսից Շապուհ արքայի ոտնձգություններին հայոց դեմ:
Վասակի հայր Բակուրը ստիպված էր Վասակին պատանդ թողնել Տիզբոնի արքունիքում: Պարսից թագավորները հայ անվանի իշխաններին հնազանդ պահելու համար նրանց պայազատներին պատանդ էին տանում պարսից մայրաքաղաք:
Շուտով Բաղաբերդում դավադրության զոհ է դառնում Վասակի հայրը, և նա 410 թ. վերադառնալով գերությունից` տապալում է հորեղբորը` Վաղինակ Սյունուն, իշխանազրկում նրան և տեր կանգնում հայրական կալվածքներին: Երբ մահանում է Սյունյաց իշխան Բակուրը, նրա սենեկապետը, գալով Տիզբոն, այդ մասին տեղեկացնում է պարսից արքային: Վերջինս որոշում է Սյունիքի իշխան նշանակել Վասակին: Իրեն շնորհավորելու եկած սենեկապետին հպարտ սյունեցին պատասխանում է, որ ինքն է ժառանգական կարգով Սյունիքի օրինական տերը, և արքան չէ, որ իրեն պետք է իր երկրի տերը կարգի: