Рубрика: Հետաքրքիր տեղեկություններ ու նյութեր, Գրականություն

Իմ ոգեշնչման աղբյուր, իմ պաշտպան, սա քեզ համար է…

Մենք բոլորս մեր կյանքում ունենք մեկին, ով մեզ համար ամեն ինչ է, ով մեզ համար  մի ուրիշ աշխարհ է, ում հետ խոսելիս մենք մեզ զգում ենք այնքան պաշտպանված և կարևոր,  որ թվում է, թե երկնքում ենք…Այո, այդպիսի մարդիկ միշտ կան և կլինեն, քանի որ հենց այդ մարդիկ են մեզ օգնում, որ մենք շնչենք…Նրանք օգնում են, որպեսզի մենք հասկանանք, որ ի վերջո իմաստ կա, որպեսզի մենք ապրենք, ի վերջո կա ապրեցնող մի ուժ, որը մեզ ներսից ստիպում է շարժվել առաջ: Ամեն բան հեքիաթային է այդ մարդու հետ, քո կյանքը դառնում է մի պատմություն, որտեղ դու արքայադուստր ես: Ոչ, դա երևակայություն չէ, դա երազ չէ, դա ուղղակի այդ մարդու ազդեցությունն է, այդ մարդու լույսը, որ նա փոխանցում է քեզ…Իհարկե, բոլորի մոտ էլ առաջանում է այս հարցը`«Ո՞վ է այդ մարդը»: Հայրս…Պապաս… Հովսեփ Արղության անունը ինձ համար չի եղել միայն պատմության դասագրքի հերոս, այդ անունը եղել է ինձ ապրեցնող մարդու անունը: Նա կարող է ինձ լսել, խորհուրդ տալ, օգնել, ներել, սիրել, սիրել այնքան ուժեղ սիրով, որ անգամ գրկելիս ես այդ սերը իմ սրտում զգայի: Ամեն նրա խոսքը ինձ համար օրենք է, քանի որ ես այնքան  եմ պաշտում նրան, որ միայն տեսնելն անգամ ինձ  համար ոգեշնչվելու, շարժվելու, գործելու առիթ է…Հայրս այն մարդն է, ով այս կյանքում ամենաշատն է ոգեշնչում՝իր մարդ տեսակով, իր գործունեությամբ, իր ընկերասիրությամբ, իր ձեռքբերումներով, իր շրջապատով, ամեն ինչով նա ոգեշնչում է…Միգուցե դա հենց այդ մեծ սիրուց է, բայց կարծում եմ դա մի շղթա է, որ կապել է մեզ, մի շղթա, որ մեզ երկուսիս դարձնում է մի ամբողջություն: Երբ փոքր էի, ինձ բոլորն ասում էին, որ անչափ շատ նման եմ պապայիս,  իսկ ես մինչ օրս այդ խոսքերից միշտ հպարտացել եմ, քանի որ լինել նման այդ մարդուն, նշանակում է լինել նման ինձ համար իդեալական մարդուն: Մինչ այսօր իմ այսքան հաջողություններին հասել եմ հենց իր համար, քանի որ ցանկացել եմ լինել նման իրեն, լինել այնքան նման, որ միշտ հպարտանալու առիթ տամ:  Այս կյանքում չկա մի մարդ, ում հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը հիշեմ, հիշեմ ամեն օր, ամեն առավոտ, սակայն հենց պապաս այդ եզակի մարդն է: Ես հիշում եմ, թե ինչպես էր նա ինձ դպրոցից վերցնում, այնուհետև տանում ռեստորան, այգի, տուն, սրճարան… Ես հիշում եմ ամեն բան, քանի որ միգուցե անգամ եղել է ժամանակ, երբ հենց այդ հիշողություններով եմ ապրել: Հայրս գործարար է, կամ ինչպես ես եմ միշտ ասում բիզնեսմեն, և նա շատ հաճախ չի լինում երկրում, նա անընդհատ ճամփորդում է տարբեր երկրներ՝Դուբայ, Ռուսաստան, Թուրքիա… Ես իհարկե երբեք ինձ կամակորի պես չեմ պահել, ես միշտ հասկացել եմ, որ դա իր աշխատանքն է, և այդ գործերը նա ուղղակի չի կարող թողնել և մնալ միայն մեզ հետ: Ես հասկացել եմ և ամեն անգամ այնպես արել, որ թվա, թե ես այդ ամենին դիմանում եմ, որ կարողանում եմ այդ ժամանակահատվածում ապրել, սակայն ամեն այդպիսի ճամփորդությունը և գործարքը, թեկուզ մի քանի օրով, ինձ ներսից սպանում էր, ես կարծես անընդհատ կորցնում և գտնում էի իմ կյանքում ամենակարևոր մարդուն, դա ցավոտ էր, սակայն ես այդ ամենին վերաբերվում էի ժպիտով, ծիծաղելով, քանի որ այդ ամենը հայրիկիս աշխատանքն էր, որը ի դեպ իմ երազանքների աշխատանքներից մեկն է: Այդ ժամանակ, երբ հայրս երկրում չէր և իր զբաղված, աշխատանքային օրն էր վարում, ես  հիշում էի մեր միասին անցկացրած րոպեներն ու օրերը, ես այդպես լրացնում էի նրա տեղը… Բացատրել իմ հոգեվիճակն անհնար է, սակայն այդ ամենին զուգահեռ ինձ հետ էին մայրիկս, տատիկներս, պապիկներս,հոպարս և իր ընտանիքը, քեռիս և իր ընտանիքը, բոլորը… Երբ քայլում էինք փողոցով, մեզ անընդհատ մոտենում էին ավտոմեքենաներով մարդիկ, իջնում և բարևում հայրիկս, ես անգամ ինձ հարց էի տալիս`«Որտեղի՞ց է հայրիկս ճանաչում»: Ամեն անգամ ինքս ինձ այս հարցը տալիս էի, սակայն ինձ այնքան հպարտ էի զգում, որ այդքան ընկերներ ունի հայրիկս:

Երբ ես և հայրիկս ճամփորդում էինք ավտոմեքենայով, դա մի հիասքանչ առեղծված էր, որի ամեն կադր նման էր ինչ-որ լուսավոր պատմավեպի: Մենք միասին բացում էինք  բոլոր պատուհանները, գնում տարբեր համով բաներ և ուղղակի վայելում միմյանց ներկայությունը: Բարձրացնում էինք երաժշտությունը և ներս էինք թողնում այդ մեղեդին մեր միտք և հոգի, մեր ողջ միտքը լցնում էինք այդ մեղեդիով և վայելում այդ ճանապարհը: Ամեն անգամ այս պահերը թվում էին ավելի անմոռանալի, քանի որ ամեն անգամ ավելի էին նմանվում հեքիաթի: Ճանապարհը նրա հետ երբեք երկար չէր, քանի որ երբ ես իր հետ էի, ժամանակը վազում էր, վազում էր այնքան արագ, որ թվում էր՝ ֆիլմի ինչ-որ պահ:

Երբ ես և մայրիկս իրար չէինք հասկանում, ես սկսում էի նեղանալ, գնալ իմ սենյակ և դուրս չգալ: Այսպիսի դեպքերում ինձ օգնում էր հայրիկս: Ոչ, նա խորհուրդ չէր տալիս, նա չէր բարկանում, նա չէր ասում, որ ես սխալ եմ վարվել, նա ուղղակի ինձ հիշեցնում էր մի դեպք: Հիշեցնում էր, որ երբ իմ աչքերը վիրահատում էին, երբ ես անցնում էի իմ կյանքի ամենակարևոր փուլերի միջով, ինձ համար ամենաշատը անհանգստացել, տանջվել և անքուն գիշերներ է ունեցել հենց մայրս, հենց նա է այդ ամենն արել, հենց նա է իմ ձեռքը բռնել, երբ ես կրկին անգամ գնում էի  բժիշկիս մոտ, նա էր ինձ օգնում, հանգստացնում է, նա է օգնել, որ  այդ ամենի միջով անցնեմ:

Այս մի քանի նախադասությունը փոխում էին իմ ամբողջ ներաշխարհը, ես հիշում էի բաներ, որոնք հաճախ եմ մոռանում:

Նա միշտ ինձ հիշեցնում էր այնպիսի բաներ, որպեսզի ես դուրս չգամ ճիշտ ճանապարհից, պապան միշտ պատրաստ էր հիշեցնել, հասկացնել և օգնել:

Նա ինձ տվել էր ամեն բան, որպեսզի ես ինձ զգայի ապահով և երջանիկ, ուրախ, ես միշտ ստանում էի այն ամենն, ինչ ուզում էի և իրականում ինձ պետք էր միայն ինքը, իր ներկայությունը: Ես կարող էի լինել իր կողքին և ինձ ոչինչ հարկավոր չէր, քանի որ ես ունեի ամենաթանկ մարդուն՝իրեն:

Ես կարող էի ունենալ անտանելի վատ տրամադրություն, սակայն անգամ մեկ անգամ իր հետ խոսելով, ես կարող էի լցվել լույսով: Մնացածը միգուցե սկսեին ինձ հարցեր տալ, սակայն պապաս ինձ երբեք հարց չէր տալիս, քանի որ արդեն գիտեր պատասխանը, նա առանց հարցի կարող էր այնպիսի բաներ ասել, որ ես դուրս գայի այդ իրավիճակից:

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես է նա ինձ դիմում՝«Հանրագիտարան», «Գիտնական», «Իմ լույս»…Այս մի քանի բառը կարող էին փոխել իմ օրը, քանի որ շատերն են ասում հաճոյախոսություններ, բայց իր այդ բառերը ինձ համար ուրիշ էին: Ուղղակի ուրիշ, ինքն էր ուրիշ…

Պապայիս մասին պատմելուց ուղղակի անհնար է չպատմել իր հարազատ եղբոր՝իմ հորեղբոր մասին: Հորեղբայրս ինձ համար ամենաբարի, հոգատար և խիստ մարդկանցից մեկն է:  Հորեղբայրս ինձ համար ուղղակի աննկարագրելի լավ մարդ է… Պապաս և հորեղբայրս երկու տարբեր մարդիկ են, նրանք այնքան տարբեր են, որ անգամ կողքից նայող մարդը երբեք չի մտածի, որ նրանք կարող են հարազատ եղբայրներ լինեն: Հայրիկս ազատ է, մեզ ամեն բան թույլ է տալիս, ամեն ինչին նայում է թեթև, իսկ հորեղբայրս շատ խիստ, պարտաճանաչ մարդ է, իր մոտ ամեն բան պետք է լինի կանոնով և կարգով, սակայն չնայած այն փաստին, որ նրանք այդքան տարբեր են, նրանք այնքան շատ են իրար սիրում, նրանք միշտ իրար օգնում  են, ցանկացած պահի պատրաստ են միմյանց համար անգամ կյանք տալ, պայքարել, նրանք ամեն բան անում են իրար համար և իրենց սերը ինձ համար ամենաամուր և հզոր սերն է այս ամբողջ աշխարհում:

Նրանք ունեն աշխարհի ամենաբարի մայրիկին և աշխարհի ամենահոգատար հայրիկին, այսինքն՝ իմ տատիկին ու պապիկին: Իմ տատիկն ու պապիկը յուրաքանչյուրի կողմից անչափ հարգված և սիրված են և այդ ամենը հենց այնպես չէ, այդ ամենը նրանից է, որովհետև նրանք բոլորին օգնում են, բոլորի համար ամեն բան անում են, նրանց չսիրելն անհնար է և հենց նրանք են դաստիրակել այդպիսի հզոր սիրով լցված եղբայրների, այդպիսի մարդկանց հենց իրենք են պահել և օգնել, որպեսզի նրանք միմյանց սիրեն, օգնեն իրենց ողջ կյանքի ընթացքում:

Մի խոսքով, ես հայրիկիս մասին կարող եմ պատմել հավերժ, ուղղակի հավերժ, սակայն չեմ ուզում երկարացնել: Պապա, ես քեզ ուղղակի սիրում եմ, եղիր միշտ իմ կողքին…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s