Рубрика: Գրականություն

Ինչ արած, մարդ եմ (վերլուծություն)


Ինչ արած, մարդ եմ

Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։

Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։

Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։

Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։

Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։


Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ

Իրականում, բավականին դժվար է հասկանալ կյանքի ու մարդու անբացատրելի կապը: Հաճախ անգամ մակերեսորեն այդ կապը շոշափելը տարիներ է պահանջում: Ամեն դեպքում, ցավալի է, բայց մենք չենք էլ գիտակցում, որ մեր բոլոր հարցերի պատասխաններն ու շղթաները թաքնված են միայն ու միայն այդտեղ:

Միշտ զարմացել եմ, թե ինչքան նրբորեն ու միաժամանակ խորն ու մանրամասն է Սահյանը կարողանում ցանկացած կապ ներկայացնել: Հենց իրեն հատուկ կերպով էլ բացատրել է ամենակարևոր կապը այս բանաստեղծության մեջ:

Ինձ`որպես ընթերցողի, միշտ տեսանելի է եղել Սահյանիայդ ունակությունը: Մի պարզ ճշմարտություն կա մեծամասնությանս մեջ, որի հետ ես այդպես էլ չեմ համաձայնվում: Դա մեր միջի ուժեղ ցանկությունն է ինչ-որ մի բան ապացուցելու, ու վատն այն է, որ այդ ապացուցման պայքարում մենք մեզ կրկին կապել ենք արտաքին աշխարհի ու մարդկանց հետ: Ախր, այդ պայքարում մենք պիտի մշտապես միայնակ լինենք` ինքներս մեր մեծ աշխարհի ու կյանքի հետ:

Մենք պարտավոր ենք ամբողջովին մտնել, սուզվել մեր այդ աշխարհի մեջ ու քանդակելով` կառուցենք նաև մեր արտաքին պատյանը:

Հաճախ այնքան ենք տարվում մարդկանց անբիծ պատյաններով, որ չենք կարողանում դուրս գալ այդ շփոթեցնող իլյուզիայից և տեսնել պատյանի կառուցման պրոցեսը: Միակ կարևոր բանը, որ հավետ մնալու է մեզ հետ` արտաքին պատյանը չէ: Դժվար է ընդունելը, քանի որ պատյանով հիանալը կամ դատելը մտածել կամ խորանալ չի պահանջում: Այն պահանջում է անջատած միտք` ամբողջովին ազատված իր լաբիրինթոսից ու հմայքից: Իսկական ներդաշնակությունը կերտվում է միայն այն դեպքում, երբ մենք ընտրում ենք ներքին պատյանի ստեղծման և կառուցման պրոցեսին նրբանկատորեն հետևելը:

Оставьте комментарий