Рубрика: Գրականություն

Երեխայի պես (վերլուծություն)

Երեխայի պես

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

Սովորաբար, երբ ստեղծագործությունն իր մեջ պարունակում է մի քանի իմաստ, այն շատ ավելի հետաքրքիր է վերլուծելն ու ուսումնասիրելը: Այդպիսով, կարծես ինքդ քեզ փորձության ես ընթարկում` փորձելով ամեն դետալի իսկական իմաստը ըմբռնել: Վստահորեն կարող եմ ասել, որ այս ստեղծագործությունը վերոնշյալներից մեկն է: Միգուցե կյանքի հենց ամենակարևոր խորհուրդներից երկուսը այստեղ ակնհայտ տեսա:

Սահյանի առաջին ուղերձը, որը միանգամից հափշտակեցի, այնն էր, որ մեր ողջ տևական կյանքի ընթացքում մենք փորձում ենք փախչել կամ շրջանցել այն ամենը, ինչը ուղղակի անհնարին է շրջանցել:

Հավատացեք, պատճառը նրանում չէ միայն, որ կան բաներ, որոնց հետ մենք ճակատագրով կապված ենք, պատճառը նրանում է, որ մենք չենք կարող չբախվել այն ամենին, ինչից որ այդքան ուժգին ցանկանում ենք փախչել:

Ի վերջո, ամբողջ երկրագունդը նպաստում է նրան, որպեսզի մենք կանգնենք այդ իրողությունների, մարդկանց կամ միգուցե երևույթների առաջ, որպեսզի ավելի կոփվենք ու չմտածենք, որ մեր հարմարավետությունն ու վախերի բացակայությունը երբևիցե կարող է ապահովել կամ անգամ մի քիչ մեզ մոտեցնել այդքան բաղձալի հոգու և մտքի ներդաշնակությանը: Իսկական գաղտնիքը, որը պետք է ընկալենք նրանում է, որ մեր միտքն ու հոգին կարող են լիարժեք ներդաշնակ լինել միայն ու միայն փոթորիկների ծանր հարվածները հաղթահարելուց հետո:

Այնուհետև, Սահյանը երկրորդ քառատողով մեզ է հասցնում իր ստեղծագործության երկրորդ կարևոր իմաստը` չգնահատվելու և դրանից ելնելով կյանքի հանդեպ մոտեցումը փոխելու տարածված փորձը: Գրեթե բոլորս կյանքի որևէ փուլում հասկանում ենք, որ դարձել ենք ինքներս մեր զոհը, ու մեր կյանքը կապված չէ ու չի էլ կարող լինել մարդկանց, հանգամանքների կամ անիմաստ կարծրատիպերի հետ: Կանգ ենք առնում, խորհում ու ընկալում, որ հենց մեր մտքերը, ակնկալիքները, կոմպլեքսները կամ ոչ ռեալ իրավիճակը դատելու սովորությունն է ստեղծել այն իրականությունը, որտեղ որ ապրում ենք:

Իրոք, կյանքը էնքան սահուն ու թեթև կգնար, եթե մենք չկապեինք մեր սպասումների այդ ծանր փունջը մարդկանց վզից ու իսկապես սպասեինք, որպեսզի նրանք այդ բեռը քաշեին միայն նրա համար, որպեսզի մենք չտարանջատվեինք մեր իսկ ստեղծած աշխարհներից: Մենք ուզում ենք կառավարել մեր սիրուն աշխարհը, սակայն իր մեջ ներառում ենք տարբեր մարդկանց ու սպասում նույնատիպ վերաբերմունքի` մեր հորինած, գծած կանոններով: Այս ծանր բեռը պիտի հեռու պահենք մեզնից և, եթե անգամ ուզում ենք մեր երազանքներն ու պլանները կազմենք այդ սիրուն աշխարհում, ապա այդտեղ պետք է տեսնենք բացառապես մեզ:

Оставьте комментарий